«Ավետել», «ավետիս տալ» նշանակում է բարի լուր հաղորդել:
Մի բարի լուրի, մի մեծ իրադարձության ավետման տոնն է մեր Տիրոջ ու Փրկչի` Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետման տոնը: Այս ավետիսը ստացավ Սուրբ կույս Մարիամը, երբ 14-ամյա մի օրիորդ էր: Ըստ եկեղեցական ավանդության` Սուրբ կույս Մարիամի ծնողները, իրենց ուխտի համաձայն, երեք տարեկան Մարիամին ընծայել էին Տաճարին: Չափահաս դառնալուց հետո Մարիամը վերադարձել էր ծնողների տուն` Նազարեթ և որոշ ժամանակ անց նշանվել Հովսեփ անունով մի բարեպաշտ ու արդար մարդու հետ: Երբ արդեն վեցերորդ ամիսն էր, ինչ Աստված Գաբրիել հրեշտակապետի միջոցով ավետել էր, որ Մարիամի ազգական Եղիսաբեթը, որն ամուլ էր, պիտի հղիանա ու մի որդի ծնի (Հովհաննես Մկրտչին), որը Տիրոջ առջևից պիտի գնա` Նրա համար ճանապարհ պատրաստելու դեպի մարդկանց սրտերը, և չորրորդ ամիսն էր, ինչ Սուրբ կույս Մարիամն ապրում էր Հովսեփի տանը, նույն Գաբրիել հրեշտակապետը Աստծո կողմից ուղարկվեց նրա մոտ: Հրեշտակապետի տեսքից և ողջույնից սրբուհին խռովվում է, ապա, երբ ստանում է Հիսուսով իր հղացման ավետիսը, հավատում է և, հարց տալիս, թե ինչպես դա կպատահի, որովհետև ինքը տղամարդ չի ճանաչում: Երբ իմանում է նաև հղացման կերպը, որ դա լինելու է ոչ թե տղամարդուց, այլ Սուրբ Հոգու իջմամբ, այդ ժամանակ է միայն հայտնում իր հոժարությունը և հնազանդությունը Աստծո կամքին «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»:
Սուրբ կույս Մարիամի ստացած ավետիսով կանայք վերստացան մարդկային ցեղի նախամոր` Եվայի մեղքի պատճառով կորցրածը: Նոր Եվային` Սուրբ կույսին, Աստված ուրախություն ու շնորհ ուղարկեց, որովհետև մեր նախամոր միջոցով աշխարհ մտավ անեծքը, իսկ Սուրբ կույսի միջոցով` Շնորհը և Լույսը, Փրկությունն ու Կյանքը` Հիսուս Քրիստոսը:
Եկեղեցու հայրերը Սուրբ կույս Մարիամին միշտ նմանեցրել են եկեղեցու հետ, որովհետև նրանից ծնվեց Քրիստոս, իսկ եկեղեցու ավազանում ծնվում են քրիստոնյաները. ինչպես Սուրբ կույսը` Աստվածամայրը, Կենդանի հացը լույս աշխարհ բերեց, այնպես էլ եկեղեցին իր զավակներին` քրիստոնյաներին, կենդանի հացն է մատուցում` հաղորդության սեղան բացելով Սուրբ Պատարագի ժամանակ:
Աստվածամոր հեզությունն ու խոնարհությունը բոլոր ժամանակներում մայրության օրինակ է հանդիսացել և այսօր էլ նա լավագույն օրինակն է ոչ միայն մեզ համար, այլ նաև բոլոր ազգերի, ինչպես ավետել էր հրեշտակը: Շնորհընկալ կույսի միջոցով բոլորը շնորհք գտան: Հայ Առաքելական Եկեղեցին հնուց ի վեր տոնել է Սուրբ Ավետման տոնը ապրիլի 7-ին:
Վերջին տարիներին Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Ավետման տոնը հռչակվել է իբրև Մայրության օրհնության օր: Այդ օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ, որպեսզի կանանց մեջ ամենաօրհնյալի`Աստվածամոր բարեխոսությամբ օրհնվեն հայոց ընտանիքները, հավատարիմ մնալով եկեղեցու Սուրբ ավանդությանն ու դավանանքին:
|