Ս. ՇՈՒՇԱՆԻԿ
Ս. Շուշանը Վարդան Մամիկոնյան զորավարի ավագ դուստրն էր, իր իսկական անունն է Վարդենի: Իսկ Շուշանիկը իր փաղաքշական անունն էր, որով նա ճանաչվել է երկար դարեր հայ պատմության և վարքաբանության մեջ:
Ամուսնացել է վրաց Աշուշա բդեշխի որդի Վազգենի հետ և որոշ ժամանակ ապրել հանգիստ ամուսնական կյանքով` ունենալով երեք տղա և մի աղջիկ: Սակայն Աշուշա բդեշխի մահից հետո, երբ իր ամուսինը վրաց բդեշխ է դառնում և կրոնափոխ լինում պարսկական իշխանության դրդումով ու կրկին անգամ ամուսնանում Պերոզ արքայի զոքանչի հետ, Շուշանիկը քաշվում է մի փոքրիկ եկեղեցու առընթեր տնակը և այնտեղ ապրում աղոթքով ու արցունքներով` արհամարհելով իր ամուսնու բազմաթիվ առաջարկներն ու սպառնալիքները` հավատափոխ դառնալու համար: Այդ ժամանակ է, որ խեղդվում է իր զավակներից մեկը Քուռ գետում: Շուշանիկը ուրախանում է իր զավակի մահվան համար, որովհետև նա ազատվում էր այդպիսով ուրացման վտանգից:
Շուշանիկը 7 տարի անլուր տանջանքների է ենթարկվում իր ամուսնու ձեռքով, ապավինելով միայն իր պապից` Ս. Սահակ հայրապետից իրեն կտակված Ավետարանի ընթերցանությանը:
Ս.Շուշանիկը, այսպես տանջվելով բանտում, մարտիրոսական մահով իր հոգին է ավանդում Աստծուն 470թ.:
Հայ եկեղեցին այս սրբուհու հիշատակը տոնում է Վարագա Ս.Խաչի պահքի երեքշաբթի օրը:
|