Համբարձում նշանակում է բարձրացում: Համբարձումը Հիսուսի` հարություն առած ու փառավորված մարմնով երկինք բարձրանալու և Հայր Աստծո աջ կողմում նստելու հիշատակն է:
Համբարձման պատմությունը շարադրված է Նոր Կտակարանում (Մարկոս, ԺԶ, 19-20, Ղուկաս, ԻԴ, 50-53, Գործք, Ա, 9-11), ըստ որի` Իր հարությունից հետո Հիսուս Քրիստոս քառասուն օրերի ընթացքում հայտնվում է աշակերտներին, վերստին հաստատում Իր հարություն առած լինելը, խոսում Երկնքի արքայության մասին և ուսուցանում, թե ինչպես պետք է քարոզեն Ավետարանը:
Քառասուներորդ օրը Տերն աշակերտների հետ բարձրանում է Ձիթենյաց լեռան գագաթը: Նրանք, մոտենալով, հարցնում են Հիսուսին.
«Տե՛ր, այս ժամանակու՞մ է, որ վերահաստատելու ես Իսրայելի թագավորությունը» (Գործք, Ա 6): Հիսուս պատասխանեց.«Ձեզ տրված չէ իմանալ այն ժամերն ու ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանության մեջ. այլ երբ Սուրբ Հոգին իջնի ձեզ վրա, զորություն կառնեք և Ինձ համար վկաներ կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք, 7-8):
Երբ նա այս խոսքերն էր ասում, աշակերտները ապշահար նայում էին ու տեսնում, թե ինչպես է երկինք բարձրանում: Եվ մինչ իրենց աչքերը հառած նայում էին Տիրոջ երկինք համբարձվելուն, ահա նրանց երևացին սպիտակ զգեստներով երկու մարդիկ ու ասացին. «Ո՛վ գալիլիացիներ, ինչու՞ եք կանգնած նայում երկնքին. այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք բարձրացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը» ( Գործք, Ա, 11):
Քրիստոս համբարձվեց, որպեսզի երկնավոր հոր առջև բարեխոսի Իր սիրելիների համար: Համբարձվեց, որպեսզի համարձակություն տա հուսալու, որ մենք ևս մարմնով մտնելու ենք հավիտենական կյանք: Նրա խոսքերն են. «Եթե ես չգնամ, Մխիթարիչը (այսինքն`Սուրբ Հոգին ) չի գա ձեզ մոտ» (Հովհ.,ԺԶ, 7): Ուստի Տիրոջ համբարձումը մեզ համար նաև Հոգեգալստյան պարգև էր:
Տիրոջ պատվիրանի համաձայն` Նրա առաքյալներից երկուսը` սբ. Թադեոսն ու Բարթողոմեոսը, եկան Հայաստան և իրենց քարոզությամբ հիմնեցին մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաև «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անվանումներով:
«Վիճակը» կապված է Քրիստոսի համբարձումից հետո առաքյալների ու աշակերտների ժողովում, Պետրոս առաքյալի առաջարկով մատնիչ Հուդայի փոխարեն վիճակահանությամբ տասներկուերորդ առաքյալ ընտրելու հետ: Հուդան ինքնասպան էր եղել, և նրա փոխարեն պետք է մեկ ուրիշին ընտրեին: Այդ իրադարձությունը տեղի է ունեցել Համբարձման և Հոգեգալստյան տոների միջև ընկած ժամանակահատվածում:
Համբարձման նախորդ օրը հարսներն ու աղջիկները յոթն աղբյուրից ջուր և դաշտերից ու այգիներից զանազան ծաղիկներ են բերում: Համբարձման օրը ժողովրդական խաղ-սովորության` վիճակահանության օրն է:
Համբարձման այս օրը շատերն ուխտի են գնում Ծաղկեվանք:
Համբարձում կամ «Վիճակ»
Մ.Մ.