Բայց մարդը չհետևեց այդ պատվերին և կերավ արգելված պտուղը:
Եվ Աստված անիծեց մարդուն: Նախապես բնական սովորույթները` ծնել, աշխատել,վերածվեցին պատժի, և խանգարվեց նաև այն ներդաշնակ հարաբերությունը, որ կար Աստծո և մարդու միջև: Բնության ամենից հրաշալի երևույթը, այսինքն` կնոջ որդեծնության աստվածադիր օրենքը, վերածվեց ցավագին երկունքի, մարդու ամենից բնական և ամենից հաճելի զբաղմունքը` աշխատանքը, վերածվեց տանջանքի: Եվ բոլոր այս դժբախտւթյուններն իրենց լրումին հասան, երբ «Տեր Աստված եդեմական դրախտից դուրս հանեց ու արտաքսեց մարդուն` մշակելու հողը, որից նա ստեղծված էր...» (Ծննդ.Բ 16-24) :
Դրախտում, բացի տարբեր տեսակի սովորական ծառերից, կան գերբնական հատկություն ունեցող երկու ծառեր, որոնք են «կյանքի ծառը» և «բարու ու չարի գիտության ծառը» (Ծննդ. Բ 9): Նախածնողներն արտոնված էին ուտելու ինչպես բոլոր ծառերից, նաև «Կյանքի ծառից»: Արգելվածը բարու ու չարի գիտության ծառի պտուղից ուտելն էր: Այս ծառերը խորհրդանշում են Աստծո պատվիրանները, որոնք հավաքաբար կազմում են երկու խումբ. դրական պատվիրաններ և ժխտական պատվիրաններ:
«Արգելված պտուղն» այն բոլոր բաներն են, որոնք վնասակար են մարդկային բնությանը: Մեծ պահքի Բ կիրակին նախածնողների ողբերգության միջից մեզ հիշեցնում է , թե մեղք ասվածը Աստծո կամքի և օրենքի անտեսումն է, որը մեզ բաժանում է մեր երջանկության աղբյուրից`մեր Արարչից: Դրախտային այս դրվագը մեզ հիշեցնում է նաև, թե յուրաքանչյուր մեղք իր պատիժն իր մեջ ունի: Ինչպես յուրաքանչյուր վնասակար մանրէ իր մեջ իր թույնն ունի, որը կամ հիվանդացնում , կամ մեռցնում է մարմինը, այնպես էլ յուրաքանչյուր մեղք հոգին, այսինքն` մարդու մտածումների և ներքին ապրումների իմանալի աշխարհը, խանգարելու, այլասերելու, մեռցնելու կարողությունն իր մեջ ունի:
Սակայն Աստծո Որդու մարմնացումով, Ով միաժամանակ «Մարդու որդի» եղավ, հնարավորություն ստեղծեց, որ ադամորդին կարողանա իրեն ազատագրել մեղքի ճիրաններից` վերագտնելու համար իր կորուսյալ դրախտը:
Դառը պտուղի մեր ճաշակումը,
Որով կորցրինք արդարությունը,
Քո քառասնօրյա պահքով փոխեցիր
Քո օրենքի ավելի քաղցր ճաշակումին
Խմեցրու մեզ, Տեր, քո սիրո ուրախարար բաժակը:
Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան,
Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան
Պատրաստեց` Մ. Միրզոյանը