LIANA ARAKELYAN’S ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Суббота | 08.05.2021 | 16:42 | ԲԱՐԵՎ Гость | RSS


ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [13]
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
                                                                                                                                     
                                                                                                                 
                                                     ՍՐԲԱՊԱՏԿԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ



  
                                                                                                                                                                   www.srbapatker.net


 Եկեղեցին և սրբապատկերը


   Սրբապատկերը և նրա կիրառությունը Եկեղեցում նույնքան հին է, որքան ինքը Եկեղեցին: Ս. Բարսեղ Կեսարացու (Դ դար) վկայությամբ Հիսուս Քրիստոսի, Աստվածամոր և սրբերի պատկերների գոյությունը Եկեղեցում ավանդական է և օրհնված առաքյալների կողմից: Ըստ Եկեղեցու սրբազան ավնդության` առաջին սրբապատկերներն են Հիսուսի Դաստառակը և Աստվածամոր պատկերը:
 Մեզ համար նշանակալից և խորհրդանշական է, որ այս երկու նվիրական պատկերները ժամանակին պատկանել են Հայ Եկեղեցուն: Սրբապատկերի հնությունը հաստատվում է նաև հնագիտական պեղումների արդյունքներով: Պոմպեի և Հերկուլանումի պեղումների ժամանակ հայտնաբերվել են սրբապատկերներ: Այդ քաղաքները կործանվել են 79 թվականին, և լույս աշխարհ եկած գտածոները ինքնին ամրագրում են այն փաստը, որ սրբապատկերները կենցաղավարել են Եկեղեցում դեռևս առաքելական ժամանակներից: Հետագայում Եկեղեցում սրբապատկերի անհրաժեշտությունը, որպես քրիստոնյայի ներքին աղոթական վիճակի և նրա բարոյական նկարագրի կատարելագործմանը նպաստող պայման, գիտակցել և հորդորել են առաքյալների գործի անմիջական շարունակողները` Ընդհանրական Եկեղեցու սուրբ հայրերը: Նրանք հատուկ վկայում են այն օգուտի մասին, որ տալիս են սրբապատկերները` խրատելով, հորդորելով, ուղղելով և լուսավորելով քրիստոնյային:  
  Սրբապատկերը, ըստ Ս. Բարսեղ Կեսարացու, ունի այն հատկությունը, որ պատկերավոր կերպով օգնում է քարոզչին լրացնելու իր խոսքը` դարձնելով այն ավելի արտահայտիչ ու տպավորիչ: Ս. Հովհաննես Ոսկեբերանը (Դ դար) եզրակացնում է, որ այդ պատկերները քրիստոնյային հոգևոր մխիթարություն են պարգևում: Սրբապատկերներն առաջացնում են խանդաղատանքի արցունքներ: Օրինակ` Ս. Գրիգոր Նյուսացին (Դ դար) չէր կարողանում առանց արցունքների դիտել Իսահակի զոհաբերության պատկերը: Խիստ կարևոր է սրբապատկերի խրատական դերը. այն զգաստության, ապաշխարության կոչ է` ուղղված մեզ: Այս առումով հատկանշական են Ս.Գրիգոր Աստվածաբանի(Դ դար) նկատառումները սրբապատկերի խրատող և հորդորող նշանակության մասին: 
 Սուրբ հայրերը նշում են նաև սրբապատկերի ուսուցանող հատկության մասին: Պատկերավոր լեզվով և տեսանելի կերպով նա մեզ է փոխանցում Սուրբ Գրքի պատգամներն ու պատմությունները:


 Սրբապատկերի խորհուրդը


    Սրբապատկերի մասին Ընդհանրական Եկեղեցու հայրերի հայտնած տեսակետները հետագայում դարձան այն հիմքը, որի վրա վեր խոյացավ նրա աստվածաբանությունը: Ըստ դրա` սրբապատկերը Եկեղեցու և եկեղեցական ծիսակարգի անբաժանելի մասն է: Նա կարևորագույնն է պաշտամունքի ընթացքում օգտագործվող բոլոր ծիսական առարկաների մեջ, որովհետև սրբապատկերի գոյաբանական հիմքում ընկած է Հիսուս Քրիստոսի գերբնական մարմնավորման անճառելի իրողությունը: 
  Աստված Իր Էությամբ Հոգի է` այսինքն նրան անհնար է նկարագրել, բայց երբ նա մարմին է առնում, ապա վերցնում և Իրեն է միացնում մարդկային բնությունը, որով ձեռք է բերում նաև նյութական կերպար, իսկ սա էլ հնարավոր է դառնում պատկերել: Այսինքն` հոգևոր էությունն արտահայտվում է զգայական կերպարի մեջ և միջոցով: Հետևաբար սրբապատկերը հայտնութենական բնույթ ունի, քանի որ գրավոր հայտնությունը (Սուրբ Գիրքը) այս պարագայում մեզ է հաղորդվում կերպարվեստի լեզվով: Պատկերի միջոցով մեզ է բացահայտում մաքուր, միայն մտքով հասանելի աստվածային իրականության խորհուրդները:
 Սրբապատկերը, մեր հայացքը վերցնելով իր վրա, զգայական դիտումով մեր միտքը բարձրացնում է դեպի մտային (հոգևոր) հայում: Տեսնելով պատկերը` մենք մտովի դիմում ենք պատկերվածին: Դա կատարվում է Սուրբ Հոգու ներգոծմամբ. աստվածային շնորհը, որ առկա է սրբապատկերում, մեզ է տրվում հանուն նրա վրա պատկերվածի: Այդ պատճառով էլ մենք պետք է հավատով, երկյուղածությամբ ու երկրպագությամբ մերձենանք սրբապատկերին և մեր աղոտքն ու խնդրանքն ուղղենք Աստծուն: Այդպիսով իրականանում է մեր հոգևոր մերձեցումը պատկերվածի հետ: Դա նաև խոսուն վկայությունն է այն բանի, որ երկրային Եկեղեցում իրապես ներկա է երկնային Եկեղեցին, և նրանց խորհրդական միությունը անքակտելի է: Այսպիսով, սրբապատկերի գլխավոր խնդիրը քրիստոնյային դեպի սրբություն, դեպի աստվածային նորոգություն հրավիրելն է: Սակայն երբ աղոթում ենք սրբապատկերի առջև, պետք է հստակ գիտակցենք, որ մեր աղոտքը ուղղված է ոչ թե պատկերին, այլ այն անձին, ով առկա է պատկերի վրա:


 

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է: