Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին...
Ավագ Հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրն ունի նաև հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք ԺԲ, ԺԶ, ԺԷ):
Ավագ Հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում է զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը (սրա հիշատակն ենք նշում եկեղեցում այս օրը կատարվող Ոտնլվա արարողությամբ, որի վերջում հավատացյալներին օրհնված յուղ է բաժանվում հիվանդությունների պարագային գործածության համար), նրանց հաղորդ դարձնում Իր մարմնին ու արյանը` այսպիսով հաստատելով Սուրբ Պատարագի խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռը, Իր Աստվածային գլուխը գետին խոնարհելով` աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. ԻԶ-17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու արյունը` կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Սուրբ Խորհուրդը:
Ավագ Հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի` Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ: Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է նաև Խավարման արարողությունը, որն արդեն վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին` Տիրոջ ձերբակալությանը, չարչարանքներին, խաչելությանն ու մահվանը և Խավարում է կոչվում այն պատճառով, որ Հիսուսի խաչելության ժամանակ արևը կեսօրին խավարեց մինչև ժամը երեքը, երբ Հիսուսը հոգին ավանդեց (Մատթ. ԻԷ 45-50):
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Քարոզչական Կենտրոն
|