ICONS & MANUSCRIPTS, ART GALLERY - ՍՐԲԱՊԱՏԿԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
LIANA ARAKELYANS ICONS ART GALLERY
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ / HOME PAGE | REG | Вход | Понедельник | 21.05.2012 | 17:36 | ԲԱՐԵՎ Гость | RSS
ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ [20]
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ԵՎ ՍՐԲԵՐԻ ՄԱՍԻՆ [14]
ԱՅՑԵԼՈՒՆԵՐ / VISITORS
free counters
ԳՈՐԾԸՆԿԵՐ / PARTNER
               ՍՐԲԱՊԱՏԿԵՐԻ 
                                          ԽՈՐՀՈՒՐԴԸ     


  Սրբապատկերը (իկոնա) զարգացման բարդ ու անհարթ ուղի է անցել : Հանդիսանալով քրիստոնեական հոգևոր մշակույթ և գեղարվեստական մտածողության արգասիք` այն զարգացել է պաշտամունքի կանոնին զուգընթաց` համապատասխանելով վարդապետական և դավանաբանական կարևորագույն ձևակերպումներին: Այդ ճանապարհին հստակվել և բյուրեղացել է նաև սրբապատկերի խորհուրդը` նրա ընկալման կերպը:
  Մեր Եկեղեցում սրբապատկերները առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք զարդարում են ս. Սեղանը, եկեղեցու դասի, տաճարի և գավթի որմերն ու սյուները: Այդ պատկերների առջև է, որ մենք սովորաբար մոմ ենք վառում և աղոթում: Մենք բոլորս գրեթե ամեն օր տեսնում ենք այդ պատկերները, սակայն մեզանից քչերն են, որ գիտեն այդ պատկերների իրական նշանակությունն ու կոչվածությունը, իսկ շատերի պատկերացմամբ դրանք լոկ քրիստոնեական թեմաներով կատարված նկարներ են, որոնք իրենց ներկայաթյամբ պարզապես գեղեցկացնում են Եկեղեցու ներքին տարածքը: Սակայն սա մակերեսային գիտելիք է և չի արտահայտում սրբապատկերի իրական դերն ու նշանակությունը Եկեղեցու խորհրդական կյանքում: Եվ որպեսզի ճիշտ ընկալվի սրբապատկերի երևույթը, համառոտ ներկայցնենք այն հիմնականը, ինչը պետք է գիտենա մեզանից յուրաքանչյուրը` Հայ Առաքելական Եկեղեցու ամեն մի հավատավոր զավակ: 

 Եկեղեցին և սրբապատկերը 

 Սրբապատկերը և նրա կիրառությունը Եկեղեցում նույնքան հին է, որքան ինքը Եկեղեցին: Ս. Բարսեղ Կեսարացու (Դ դար) վկայությամբ Հիսուս Քրիստոսի, Աստվածամոր և սրբերի պատկերների գոյությունը Եկեղեցում ավանդական է և օրհնված առաքյալների կողմից: Ըստ Եկեղեցու սրբազան ավնդության` առաջին սրբապատկերներն են Հիսուսի Դաստառակը և Աստվածամոր պատկերը:
 Մեզ համար նշանակալից և խորհրդանշական է, որ այս երկու նվիրական պատկերները ժամանակին պատկանել են Հայ Եկեղեցուն: Սրբապատկերի հնությունը հաստատվում է նաև հնագիտական պեղումների արդյունքներով: Պոմպեի և Հերկուլանումի պեղումների ժամանակ հայտնաբերվել են սրբապատկերներ: Այդ քաղաքները կործանվել են 79 թվականին, և լույս աշխարհ եկած գտածոները ինքնին ամրագրում են այն փաստը, որ սրբապատկերները կենցաղավարել են Եկեղեցում դեռևս առաքելական ժամանակներից: Հետագայում Եկեղեցում սրբապատկերի անհրաժեշտությունը, որպես քրիստոնյայի ներքին աղոթական վիճակի և նրա բարոյական նկարագրի կատարելագործմանը նպաստող պայման, գիտակցել և հորդորել են առաքյալների գործի անմիջական շարունակողները` Ընդհանրական Եկեղեցու սուրբ հայրերը: Նրանք հատուկ վկայում են այն օգուտի մասին, որ տալիս են սրբապատկերները` խրատելով, հորդորելով, ուղղելով և լուսավորելով քրիստոնյային:  
  Սրբապատկերը, ըստ Ս. Բարսեղ Կեսարացու, ունի այն հատկությունը, որ պատկերավոր կերպով օգնում է քարոզչին լրացնելու իր խոսքը` դարձնելով այն ավելի արտահայտիչ ու տպավորիչ: Ս. Հովհաննես Ոսկեբերանը (Դ դար) եզրակացնում է, որ այդ պատկերները քրիստոնյային հոգևոր մխիթարություն են պարգևում: Սրբապատկերներն առաջացնում են խանդաղատանքի արցունքներ: Օրինակ` Ս. Գրիգոր Նյուսացին (Դ դար) չէր կարողանում առանց արցունքների դիտել Իսահակի զոհաբերության պատկերը: Խիստ կարևոր է սրբապատկերի խրատական դերը. այն զգաստության, ապաշխարության կոչ է` ուղղված մեզ: Այս առումով հատկանշական են Ս.Գրիգոր Աստվածաբանի(Դ դար) նկատառումները սրբապատկերի խրատող և հորդորող նշանակության մասին: 
 Սուրբ հայրերը նշում են նաև սրբապատկերի ուսուցանող հատկության մասին: Պատկերավոր լեզվով և տեսանելի կերպով նա մեզ է փոխանցում Սուրբ Գրքի պատգամներն ու պատմությունները:

 Սրբապատկերի խորհուրդը 

 Սրբապատկերի մասին Ընդհանրական Եկեղեցու հայրերի հայտնած տեսակետները հետագայում դարձան այն հիմքը, որի վրա վեր խոյացավ նրա աստվածաբանությունը: Ըստ դրա` սրբապատկերը Եկեղեցու և եկեղեցական ծիսակարգի անբաժանելի մասն է: Նա կարևորագույնն է պաշտամունքի ընթացքում օգտագործվող բոլոր ծիսական առարկաների մեջ, որովհետև սրբապատկերի գոյաբանական հիմքում ընկած է Հիսուս Քրիստոսի գերբնական մարմնավորման անճառելի իրողությունը: 
  Աստված Իր Էությամբ Հոգի է` այսինքն նրան անհնար է նկարագրել, բայց երբ նա մարմին է առնում, ապա վերցնում և Իրեն է միացնում մարդկային բնությունը, որով ձեռք է բերում նաև նյութական կերպար, իսկ սա էլ հնարավոր է դառնում պատկերել: Այսինքն` հոգևոր էությունն արտահայտվում է զգայական կերպարի մեջ և միջոցով: Հետևաբար սրբապատկերը հայտնութենական բնույթ ունի, քանի որ գրավոր հայտնությունը (Սուրբ Գիրքը) այս պարագայում մեզ է հաղորդվում կերպարվեստի լեզվով: Պատկերի միջոցով մեզ է բացահայտում մաքուր, միայն մտքով հասանելի աստվածային իրականության խորհուրդները:
 Սրբապատկերը, մեր հայացքը վերցնելով իր վրա, զգայական դիտումով մեր միտքը բարձրացնում է դեպի մտային (հոգևոր) հայում: Տեսնելով պատկերը` մենք մտովի դիմում ենք պատկերվածին: Դա կատարվում է Սուրբ Հոգու ներգոծմամբ. աստվածային շնորհը, որ առկա է սրբապատկերում, մեզ է տրվում հանուն նրա վրա պատկերվածի: Այդ պատճառով էլ մենք պետք է հավատով, երկյուղածությամբ ու երկրպագությամբ մերձենանք սրբապատկերին և մեր աղոտքն ու խնդրանքն ուղղենք Աստծուն: Այդպիսով իրականանում է մեր հոգևոր մերձեցումը պատկերվածի հետ: Դա նաև խոսուն վկայությունն է այն բանի, որ երկրային Եկեղեցում իրապես ներկա է երկնային Եկեղեցին, և նրանց խորհրդական միությունը անքակտելի է: Այսպիսով, սրբապատկերի գլխավոր խնդիրը քրիստոնյային դեպի սրբություն, դեպի աստվածային նորոգություն հրավիրելն է: Սակայն երբ աղոթում ենք սրբապատկերի առջև, պետք է հստակ գիտակցենք, որ մեր աղոտքը ուղղված է ոչ թե պատկերին, այլ այն անձին, ով առկա է պատկերի վրա:

 Հայ Եկեղեցին և սրբապատկերը

 Ի սկզբզնե Հայ Եկեղեցին եղել է պատկերահարգ: Հայ եկեղեցական արվեստում սրբապատկերները հիմնավոր կիրառություն են ունեցել թե առանձին պատկերներով և թե որմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության մեջ:
  Մեր Եկեղեցու հայրերը ըստ անհրաժեշտության բազմիցս արտահայտել են իրենց դրական վերաբերմուքը սրբապատկերների հանդեպ: Այս առումով հատկապես կարևոր են Ս.Վրթանես Քերթողի (Է դար), Ս.Հովհաննես Օձնեցու(Ը դար), Ս. Հովհաննես Սարկավագի և Ս. Ներսես Շնորհալու (ԺԲ դար) հայտնած տեսակետները: Դրանք ընդհանուր առմամբ համահունչ են սրբապատկերը բնորոշող ընդհանուր քրիստոնեական ընկալումներին: Սակայն կան նաև որոշակի տարբերություններ.

 Ա) Մեր եկեղեցում սրբապատկերն օգտագործվում է ավանդաբար, առանց դավանաբանական բանաձևման:

 Բ) Հիսուս Քրիստոսի, Խաչի, Աստվածամոր պատկերները երկրպագելի են, իսկ սրբերի պատկերները միայն պատվելի կամ մեծարելի: 

 Գ) Մեր Եկեղեցում սրբապատկերը գործածելի է դառնում միայն հատուկ կարգով օրհնվելուց և օծվելուց հետո: 

  Տեսանելին անտեսանելիի մեջ, հաճախ այսպես են բնորոշում սրբապատկեր հասկացողությունը: Եվ այս բնորոշումը ճշմարտապես, լիովին համապատասխանում է իրականությանը, քանզի;Ես ընթանում էի առաջ, որպեսզի ճանաչեմ Աստծուն: Ուստի ես կտրվեցի նյութից և ողջ մարմնական աշխարհից: Ես հավաքվեցի ինքս իմ մեջ, որքան որ կարող էի, և բարձրացա լեռան գագաթը: Բայց երբ բացեցի աչքերս, միայն ետևից կարողացա տեսնել Աստծուն և այն պատված էր Վեմով, այսինքն` Բանի մարդեղությամբ, որ մարմնավորվեց մեր փրկության համար:

  Ես չկարողացա հայել Ամենասուրբ Գերբնությունը` Ինքն Իրենով միայն ճանչվող, այսինքն ` Սուրբ Երրորդությամբ : Քանզի ես չէի կարող հայել այն ինչ գալիս է դեպի մեզ` «ԱՐԱՐԱԾԻ ՄԵՋ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՇԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ» (Ս. Գրիգոր Աստվածաբան) 

Կայքի բոլոր նկարները պատկանում են հեղինակին: Կրկնօրինակումը և տարածումը առանց իրավատիրոջ թույլտվության` արգելվում է:
Создать сайт бесплатно